«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ամփոփել է գործունեության վերջին 3 տարին

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ամփոփել է գործունեության վերջին 3 տարին

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ամփոփել է գործունեության վերջին 3 տարին: Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, մինչև 2018 թվականը Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը` բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել, ծառայությունն իրականացվել է բժշկական կենտրոնների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում և օգտագործվել է մարզային ԲԿ-ների կողմից տրամադրված ախտաբանաանատոմիական դիահերձարանները։

«2018 թվականի մայիսից ի վեր մշակվել և կյանքի է կոչվել համապետական դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը։ Ըստ այդմ` նախագծվել է Երևանում կենտրոնական կառույցի և բոլոր մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքները։ Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Մարտունի քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։ Սևանի և Գորիսի մասնաճյուղերի հարցն ընթացքում է։

2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել են Երևանի լաբորատորիաները, համալրվել են նոր սարքավորումներով:

2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանի սառնարանային հատվածը, նաև հիմնանորոգվում է մասնաշենքն ամբողջությամբ։

2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են խցիկային սառնարաններ, հիմա էլ շարունակվում է լրացուցիչ սառնարանի կառուցումը:

2020 թվականին Գորիսում տեղադրվել է սառնարանային մեծ շարժական համալիր։ Ներկայումս վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը, Սևանի մասնաճյուղի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Մինչ 2018 թվականը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» գենետիկական հետազոտությունների անցկացման համար նորագույն սարք` գենետիկական սեկվենատոր ընդհանրապես չի ունեցել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին և 2021 թվականի հունվարին ներկրվել է 2-րդ ամբողջական հոսքագիծը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության կողմից տարածած հաղորդագրության համաձայն` երկու տարվա ընթացքում 25 տոկոսով մեծացել է աշխատավարձային ֆոնդը, աշխատանքներ են տարվում՝ ուժեղացնելու գիտագործնական բաղադրիչը։ «Կենտրոնի բյուջեն վերջին տարիներին հետևյալ պատկերն է ունեցել` 2018 թվականին` 364 մլն դրամ, 2019 թվականին` 481 մլն դրամ: Նախորդ տարվանից` 32 տոկոսով կամ 117 մլն դրամով ավելի, 2020 թվականին` 594 մլն դրամ: 2018 թվականից` 63 տոկոսով կամ 230 մլն դրամով ավելի:

Սա է կառավարության իրական վերաբերմունքը զոհերի և ընդհանրապես, բոլոր հանգուցյալների նկատմամբ:

Մինչև 2018 թվականը Երևանի կենտրոնական մասնաշենքում եղել է դիակային սառնարանային 25 տեղ: 2018 թվականից հետո նմանատիպ տեղերի թիվն ամբողջ հանրապետությունում հասել է 200-ի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում