Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում 4 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը ներկայացված է եղել 7 ըմբիշով: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը, որը հանդես էր գալիս օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգում, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ):
77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել:
Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ ընդամենը 1 րոպե 58 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:1 հաշվով հաղթանակ է տարել սլովակ Դենիս Խորվաթի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 6:5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ:
Կիսաեզրափակչում էլ Ամոյանը ժամանակից շուտ՝ 4 րոպե 10 վայրկյանում, 9:0 հաշվով հաղթել է շվեդ Պեռ Ալբին Օլոֆսոնին: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:1 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհային: 60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Ղարիբյանը մրցել է Հունգարիան ներկայացնող Էրիկ Տորբայի հետ և 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարել:
67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Սլավիկ Գալստյանը մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ և հաղթել տուշեով: Մեդալ նվաճելուն մոտ էր նաև Հրաչյա Պողոսյանը: Եվրոպայի առաջնության 63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Պողոսյանը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարի հետ, սակայն պարտվել է 5:6 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո պարտվել է քառորդ եզրափակչում և լքել պայքարը, իսկ 82 կգ քաշային Կարապետ Չալյանը (82 կգ) պարտվել է մեկնարկում:
Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը ներկայացված է եղել 7 ըմբիշով և թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Կարծիքներ