Չինաստանում 12 մարդ է մահացել տեղատարափ անձրևների պատճառով․ ևս 10 մարդ անհայտ կորած է համարվում (լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, 10-ը՝ անհայտ կորել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ ուրբաթ օրվանից մինչև շաբաթ Մյանին գավառում տեղացած հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել Իհայ քաղաքում, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, 7-ը՝ անհայտ կորել:
Գաոյան շրջանում ջրհեղեղից տուժած ճանապարհների պատճառով երկու ավտոմեքենա ընկել է գետը․ երկու մարդ զոհվել է, ևս երեքն անհայտ կորած է համարվում։
Տարերային աղետի գոտում է գտնվում մոտ 10 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 7700 տեղաբնակ տարհանվել է։
Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի սկզբից ջրհեղեղի հետևանքով 78 մարդ է մահացել կամ անհետացել, այն ավերել կամ վնասել է ավելի քան 100 000 տուն և 3,5 մլրդ դոլարի ուղղակի տնտեսական վնաս է պատճառել։
Կարծիքներ