Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը:

Ինչպես հայտնեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից, հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն է եղել: Կողմերը փոխանակել են մտքեր և քննարկել են խնդրի լուծման հնարավոր տարբերակները:

Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծել է, որ Հայաստանը  սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:

Իր խոսքում քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:

Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում