Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր․ Կոստանյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ հիմա Հայաստանի նպատակը մի փոքր այլ է՝ միտված արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը թեմային անդրադարձել է «Մանամայի երկխոսության» շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
«Մեր քաղաքականությունը շատ պարզ է, դրա երկու հիմնական ուղղությունները հետևյալն են. առաջին ուղղությունը մեր հարաբերություններն են մեր հարևանների հետ: Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա: Եվ մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր:
Ներկայումս մեր արտաքին քաղաքականության նպատակը մի փոքր այլ է, և եթե հակիրճ ձևակերպենք, դրա նպատակը կլինի պաշտպանել մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անխախտելիությունը, նաև ժողովրդավարությունը: Եվ հիմա մենք փորձում ենք զարգացնել մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ մտքում պահելով այս ընկալումը»,- նշել է Կոստանյանը:
Կարծիքներ