Դատավորները դառնում են ատելության խոսքի թիրախ. Արա Զոհրաբյան
Օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում էր ներկայացրել ՝ հայտնելով, որ իր կողմից կայացված որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Freenews.am-ի հետ զրույցում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի դիմաց ազատ արձակման վճիռը կայացրած դատավորի հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց. «Ցավոք, ատելության խոսքի թիրախ են դառնում ոչ միայն փաստաբանները, լրագրողները, այլ նաև դատավորները: Դատավոր Արսեն Նիկողոսյանը բացառություն չէ»: Դիտարկմանը, որ հասարակության մեջ անընդհատ շրջանառվում է «արդար դատավոր» բառակապակցությունը, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Ի վերջո, դատավորի արդարությունը բացահայտվում է իր կողմից կայացված դատական ակտերի որակով: Արդար դատավորը, իմ պատկերացմամբ, օրինապահ, խելացի, անկախ և համարձակ դատավորն է, որը արդարադատություն է իրականացնում առանց հաշվի առնելու իշխանության կամ ընդդիմության կամ որոշ խմբերի ճաշակները և շահերը»: Հիշեցմանը, որ Արսեն Նիկողոսյանը վերջին շրջանում հասարակության կողմից ոչ միանշանակ ընկալվող միակ դատավորը չէ: Օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ի պաշտպանության դատավոր Ազարյանի ՖԲ շրջանակ էր ստեղծել՝ «Ձեռքներդ հեռու Ալեքսանդր Ազարյանից» վերտառությամբ, սակայն այն հիմնականում փաստաբաններն էին տարածում, Զոհրաբյանը պատասխանեց. «Ալեքսանդր Ազարյանի հարցը քննարկվում է բարձրագույն դատական խորհրդում: Ես անհանգստություն չեմ տեսնում, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդն է երաշխավորում դատարանների և դատավորների անկախությունը: ԲԴԽ-ն նոր ձևավորված կառույց է և իմ համոզմամբ ի վիճակի է արդար որոշում կայացնել: Մնացածը ժամանակը ցույց կտա»: Հիշեցնենք, որ օրերս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը բավարարվեց: ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Նշենք, որ նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Վճիռը հրապարակելուց հետո սոցցանցերում ակտիվորեն սկսեցին քննարկել ու քննադատել դատավոր Նիկողոսյանին՝ մեղադրելով ոչ անաչառ լինելու մեջ:
Կարծիքներ