ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները Երեւանում քննարկել են իրենց երկրների փորձն ու նախանշել անելիքները
ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները Երևանում նոյեմբերի 5-7-ը կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել են իրենց երկրներում նոտարական գործունեությանը վերաբերող նորարարական մոտեցումները և համատեղ գործունեության զարգացման հեռանկերները։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանը։
ՀՀ նոտարական պալատը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ երկրներից միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկը, Լենինգրադի շրջանի նոտարական պալատի նախագահ Ելենա Մոսկալը, Սամարայի նոտարական պալատի նախագահ Գալինա Նիկոլաևան։ Բելոռուսի նոտարական համայնքը ներկայացնում էին Մինսկի նոտարական պալատի նախագահ Ելենա Միտելսկայան և Բելոռուսի նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սվետլանա Սամսոնովան։
Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը կարևորել է նոտարական գործունեության մեջ նորարարական գործիքակազմի ներդրումը և միջազգային գործընկերների հետ ձեռք բերված հարաբերությունների խորացումը։
«Հանդիպման նպատակն է՝ համատեղ քննարկել մեր երկրներում նոտարիատի վերաբերյալ ընդունված իրավական ակտերը և դրանց ազդեցությունը նոտարների աշխատանքի վրա, ինչպես նաև միմյանց փոխանցել այն նորարարական գործիքակազմը, որը կիրառում ենք մեր երկրներում։
Գաղտնիք չէ, որ նոտարիատի ինստիտուտը իրավական պետության զարգացման ամենակարևոր ճյուղերից է։ Իրավական գործընթացների սկզբնավորումից, այսինքն՝ պետությունների իրավական զարգացումից ի վեր նոտարի աշխատանքն առանձնացել է և ունի իր ուրույն դերն ու դիրքը հասարակության մեջ։
Իրավամբ կարելի է փաստել, որ մեր վավերացրած փաստաթղթերը կարելի է համարել մեր պետությունների այցեքարտըն այն երկրներում, որտեղ դրանք ներկայացվում են»,- նշել է նա։
Ռուսատանի Դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկն, անդրադառնալով ռուսական օրենսդրությանը, խոսել է նոտարական գործառույթների առցանց գործունեությանն առնչվող գործիքակազմի ավելացման և ավելի մեծ թվով գործարքների վավերացման վերաբերյալ։
«Վերջին տարիներին Ռուսաստանում ընդունվել է օրենք՝ մենք այն անվանում ենք 480-րդ օրենք, որը մեկ քայլ առաջ է նոտարական գործունեության զարգացման հարցում։ Սա, իր հերթին, ապահովում է իրավական գործիքակազմ կայուն և ապահով թվային շրջանառության համար։ Այս տարվանից մի շարք նոտարական գործարքներ հնարավոր է ստանալ հեռավար կարգով։ Այս ձևաչափը հնարավոր է այն դեպքում, երբ չի պահանջվում հայտատուի կարծիքը»,- նշել է ՌԴ նոտարական պալատի նախագահը։
Հայաստանյան փորձը ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, նոտար Վահե Հովհաննիսյանը, որը խոսել է ՀՀ-ում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների ու դրանց հետևանքով ստեղծված դրական և խնդրահարույց հարցերի մասին։ Բանախոսը ներկայացրել է նաև այդ խնդիրների հաղթահարման ուղիները։
ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը նույնպես կարևորել է նոտարիատի գործունեությունը և հայտնել, որ կատարված օրենսդրական փոփոխությունները հանգեցրել են Հայաստանում դատական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն։
Քննարկման մասնակիցները խոսել են նաև արխիվային փաստաթղթերի պահման հետ կապված դժվարությունների մասին։ Ռուսական կողմը ներկայացրել է, որ առաջիկայում Ռուսաստանում օրենքի նախագիծ է շրջանառվելու, որով փորձ է արվելու կարգավորել այդ խնդիրը։
Կլոր սեղանի քննարկումների ընթացքում ԵԱՏՄ երկրների նոտարական պալատների ներկայացուցիչներն արծարծել են նաև նոտարական թարգմանությունների վավերացումների հետ կապված խնդիրները, որոնք առաջանում են գործընկեր երկրների՝ ոչ միայն նոտարական գործարքների ընթացքում, այլև պետական հիմնարկներ ներկայացման ժամանակ։ Կողմերը խոստացել են քայլեր ձեռնարկել այդ հարցերին լուծում տալու ուղղությամբ։
Քննարկումների ավարտին մասնակցիներն արձանագրել են, որ այս ձևաչափն արդեն ավանդական է դարձել, և մասնակից պետություններն արձանագրել են դրա կենսունակությունը։
Այցի շրջանակում ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, այնուհետև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
Կարծիքներ