Նորածին երեխայի 2 հազար դոլարով առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Նորածին երեխայի 2 հազար դոլարով առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի եւ մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքը կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի բնակչուհու հետ:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի բնակչուհին ընդունվել է Երեւանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա: 2020թ. հուլիսի 13-ին 39-ամյա կինը դուրս է գրվել բուժհաստատությունից, նույն օրը երեխային հանձնել է գնորդին՝ Երեւանի բնակչուհուն, նրանից ստացել գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձեւակերպելուց հետո:

Բացի այդ, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաեւ հստակ իմանալով, որ Երեւանի վերոնշյալ բնակչուհու ամուսինը՝ 43-ամյա տղամարդը, չի հանդիսանում իր նորածին դստեր կենսաբանական հայրը՝ Արարատի մարզի բնակչուհին, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար, 2020թ. հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք եւ ստացել բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները:      

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը)  1-ին մասով եւ 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին եւ մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը :

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում