Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ