Պեկինը հայտարարել է, որ Չինաստանը չի վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից

Պեկինը հայտարարել է, որ Չինաստանը չի վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից

Չինաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից, սակայն պատրաստ են փոխշահավետ ու իրավահավասար համագործակցության։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«Մենք չենք վախենում առճակատումից, բայց միշտ ձգտելու ենք փոխգործակցության: Համագործակցությունը ձեռնտու է երկու կողմերին, և՛ Չինաստանին, և՛ ԱՄՆ-ին», - ասել է նա չինական դիվանագիտությանը նվիրված սիմպոզիումում: Նախարարի խոսքով՝ ՉԺՀ-ն պատրաստ է երկխոսության, բայց այն պետք է լինի հավասար և փոխշահավետ։

«Հուսով եմ, որ ամերիկյան կողմը կգործի երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված կոնսենսուսի համաձայն և կկատարի իր խոստումները»,- հավելել է Վան Ին։

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ խորհրդակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները կոնսենսուսի են եկել մի շարք խնդիրների շուրջ և փոխադարձ պատրաստակամություն հայտնել ամրապնդել շփումները։ Սա երկու առաջնորդների առաջին հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախկինում նրանք հաղորդագրություններ էին փոխանակել և հեռախոսազանգեր կատարել, Բայդենի և Սի Ցզինպինի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում