ԱՄՆ պաշտոնյաները Սաուդյան Արաբիայում կքննարկեն Իրանի հետ թագավորության կապերի կարգավորման հարցը
ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները Սաուդյան Արաբիայում են՝ թագավորության ղեկավարության հետ քննարկելու Էր Ռիադի և Թեհրանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև նավթի արդյունահանմանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ Axios ինտերնետ-հարթակի տվյալներով՝ ապրիլի 13-ին Սաուդյան Արաբիա են ժամանել նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը և պետքարտուղարության էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինը: Ըստ հարթակի աղբյուրների՝ նրանք թագավորության ղեկավարության հետ կքննարկեն «Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», ինչպես նաև Եմենում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող այլ թեմաներ։ Բացի դրանից, նրանք կխոսեն «էներգետիկ հարցերի մասին, ինչպիսին նավթի արդյունահանումն է»։
Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Հոքսթինը և Մաքգուրքը երկրների միջև հարաբերություններում «ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք են, որոնք այցելել են Սաուդյան Արաբիա» կողմերի միջև հարաբերություններում «ճգնաժամից վեր»։ Այս լարվածության պատճառ է դարձել Վաշինգտոնի դժգոհությունը, որ 2022 թվականի աշնանը «ՕՊԵԿ+» համաձայնագրի մասնակից երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը։ Ինչպես այն ժամանակ հայտարարել են ԱՄՆ իշխանությունները, «ՕՊԵԿ+»-ի որոշումը ցույց է տվել, որ Սաուդյան Արաբիան իր էներգետիկ քաղաքականությունը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ։
Axios-ի գնահատման համաձայն՝ Հոքսթինի և Մաքգուրքի այցը թագավորություն վկայում է երկկողմ հարաբերությունների բարելավման մասին: ԱՄՆ պաշտոնատար անձինք թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ արդեն քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այս շաբաթ ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույցում ընդգծել են Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը և քննարկել են Եմենում տիրող իրադրությունը։
Ինչ վերաբերում է Թեհրանի և Էր Ռիադի հարաբերություններին, կողմերը մարտի 10-ին Պեկինի միջնորդությամբ համաձայնության էին հասել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ: Դրանից հետո հանդիպել են նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները: Կողմերի միջև հարաբերությունները սրվել էին 2016 թ. հունվարին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում նրա հյուպատոսարանը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից: Ցուցարարները վրդովված էին Էր Ռիադում շիա հոգևորական շեյխ Նիմր ալ Նիմրի մահապատժից: Տեղի ունեցածից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ:
Կարծիքներ