Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոցների իրացումը կանխվել է
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, փետրվարի 22-ին հայտնաբերվել և մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 25-ամյա մի երիտասարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Խուզարկությամբ հայտնաբերվել է «la casa de papel» գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։
25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք «տելեգրամի» միջոցով իրացվեին։
Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Միջոցառումները շարունակվել են:
Իրավապահները խուզարկել են 26-ամյա երիտասարդի կողմից շահագործվող շինությունը։ Խուզարկությամբ հայտնաբերվել են 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել։
Կարծիքներ