Պարոն Փաշինյան, եթե հրաժարական տաք, կլինեք մեր թշնամին. Ապարանի հարակից գյուղերի բնակիչների ակցիան եւ գյուղապետի զղջումը

Պարոն Փաշինյան, եթե հրաժարական տաք, կլինեք մեր թշնամին. Ապարանի հարակից գյուղերի բնակիչների ակցիան եւ գյուղապետի զղջումը

Արդեն մի քանի օր է՝ ահազանգեր են հնչում, որ Հայաստանի տարբեր գյուղերի գյուղապետներ, ենթարկվելով վարչապետի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների տարատեսակ ճնշումներին ու շանտաժներին, հայտարարությամբ միանում են ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին: 

Երեկ մենք տեղեկություն էինք ստացել, որ մասնավորապես, օրինակ, Ուջան համայնքի բնակիչները կանխել են գյուղապետի նմանատիպ հայտարարությունը, թույլ չեն տվել, որ առանց գյուղացիների համաձայնության միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին: 

Կան բազմաթիվ գյուղեր, սակայն, որտեղ գյուղապետների նման քայլերը կանխել հնարավոր չի եղել, որովհետեւ նրանք նման հայտարարություն տարածելուց առաջ չեն հարցրել գյուղացիների կարծիքը:

Այդպիսի գյուղերից են, օրինակ, Ապարանի հարակից Շենավանը, Հարթավանը եւ այլն: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր առավոտից նշված գյուղերի բակիչները բողոքի ակցիա են նախաձեռնել՝ հայտարարելու համար, որ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին են, պահանջում են գյուղապետների հրաժարականը:

Ստորեւ հատվածներ ենք ներկայացնում բողոքի ակցիայի ընթացքում բնակիչների փոքրիկ ելույթներից.

«Ժողովուրդ ջան, էս գյուղերի բնակիչները, որ հավաքվել են, էսի Փաշինյանի կռիվը չի, էսի մեր պտության, պետականության համար ա: Էս գյուղապետերը, որ գնացին կզան ու գրվան, ստորագրություն հավաքեցին՝ իբր գյուղերի ժողովուրդը պահանջում ա Փաշինյանի հրաժարականը... իրենք իրենց կարծիքն են գրել, գյուղի ժողովրդին ոչ մեկին էլ չեն հարցրել:

Մենք մեր վարչապետի հետ ենք ու վարչապետին էլ խորհուրդ ենք տալիս, որ հանկարծ  ոչ մի քայլ հետ չէրթա, ոչ մի ներում-բեկում չլինի, ապարանցիք իր հետ են, իրա հետն էլ կլինենք մինչեւ վերջ: Ինչ մնում ա էն 17 կուսակցություններին՝ 17 հոգի մարդ, ոչ ճանաչում ենք, սկի 1000 հոգի մարդ չեն հավաքում, կուսակցություններ են ստեղծել: Սկսեմ Ծառուկյան Գագոյից, չեմ ուզում մականուններով դիմեմ, որ իրեն դրել ա առյուծի տեղ, բայց թաքնվել էրկու ավչառկաների հետեւ...»:

«Նիկոլը ճիշտ ժամանակին պատերազմը կանգնացրեց, թե չէ նորից մի քանի հազար երեխա էթալու էին: Հեն ա, սահմանից նոր ա եկել, թո ասի, թե ինչ վիճակ ա ընդեղ եղել: Թողեր էն 25.000 էրեխեն էլ վարի էթար»:

Սահմանից նոր եկածի խոսքը. «Գյուղապետները, որ գրել-ստորագրել են, ո՞ր մեկը էս Ապարանի շրջանի գայուղապետներից էկավ սահման, ջոկատ կազմեց, սաղ գնացին տափան, իրենց հարազատներին էլ հանեցին իրենց տան կռիշները: էսօր եկել են գյուղի տեղ ստորագրում են, ո՞ւր են բա»:

«Հարգելի վարչապետ, սաղ Ապարանը քո հետեւ կանգնած ա: Էդ 10 հոգին, որ ասում են՝ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, Ապարանի պատիվը գցում են: Ապարանը միշտ թասիբով է եղել, չի թողել՝ թուրքը մտնի Ապարան: Քոչարյանը ուզում ա՝ նորից մտնի Ապարան, ամբողջ Ապարանը Փաշինյանի հետ է»:

«Գայլերի ոհմակը սովածացել է, արդեն գլուխ է բարձրացրել, գայլերը ո՞նց են հարձակվում սուրուի վրա, էդպես էլ 17 կուսակցություններն են: Արամ Առաջին կաթողիկոս, Գարեգին Բ, դուք ձեր պատիժը կառնեք Հիսուսից: Դուք քաղաքականության հետ ոչ մի գործ չունեք, ձեր եկեղեցիներով զբաղվեք: Պարոն Փաշինյան, եթե դուք հրաժարական տաք, կլինեք մեր թշնամին»:

«Անդրանիկ Մարգարյանն ասում էր՝ Վազգեն Մանուկյանը ծախեց Գետաշենը: Բա դու, ՀՀԿ-ականներ, էտի չե՞ք լսել: Բա Անդրանիկ Մարգարյանը ձեր կուսակցության ղեկավարն ա եղել: Դաշնակնե՞րն ով են, որ վարչապետի հրաժարական պահանջեն: Քոչարյանը, որ ուզում է նորից գալ, չի՞ մտածում, որ իր ժամանակ մեր զինվորն ուտում էր ընդամենը խաշած ցորեն... Փոխանակ գերիների մասին մտածեք, աթոռակռիվ եք անում»:

Սամվել Գրիգորյան, գյուղ Հարթավան. «Ով ասում ա՝ ի՞նչ ա արել Նիկոլը, թող գա Ուշի գյուղից գնա մինչեւ Վրաստան... արդարություն ա եկել, մարդը իրեն մարդ ա զգում, գյուղացին չի վախենում խոսա: Ես ապրել եմ Ռուսաստանում, ամեն ինչ ունեցել եմ, ունեմ, Հայաստան եմ եկել հեղափոխությունից հետո, հիմի թողեք ապրենք, ուղղակի ապրենք»:

Գյուղերի բնակիչներն այս ընթացքում վանկարկում էին «Նիկոլ, Նիկոլ», պահանջում գյուղապետների հրաժարականը: 

Բողոքի ակցիայի վայր եկան նաեւ գյուղապետները. «Ես ներկայացնում եմ Շենավան վարչական տարածքը, որի գյուղապետն եմ էս պահին: Իմ կողմից եղել է թյուրիմացություն, սխալմունք՝ կապված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ, որի համար զղջում եւ ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից: Էս ուղղությամբ մեր գյուղը միշտ եղել է Նիկոլ Փաշինյանի հետ, ժողովուրդ ջան, որտեղ՝ դուք, ընդեղ՝ ես, ես ձեր հետ եմ»,- ասաց Շենավանի վարչական ղեկավարը:

Հարթավանի վարչական ղեավար ժիրայր Ավետիսյանը եւս ընդգծեց, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել է միայն ինքը. «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, սոսկ առաջարկել եմ իմ անձնական կարծիքը, գյուղի անունից, եթե ես ուզենայի ուղերձ պատրաստեի, պետք էր նախապատրաստական աշխատանք տանել, պետք էր ընդհանուր ժողով հրավիրել, ստորագրություն հավաքել, ձեւակերպել ուղերձ: Սակայն ընդամենը առաջարկել եմ իմ անձնական կարծիքը»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում