Տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում. Արարատ Միրզոյան

Տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում. Արարատ Միրզոյան

Ինչպես արդեն հայտնել ենք, երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն: Նրա հետ հանդիպման արդյունքներով  ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ.

Այն ներկայացնում ենք ստորև.

Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երկրների փոխշահավետ համագործակցությանը։

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված հարուստ ավանդույթների, պատմական շփումների, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա:

Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ։

Արձանագրել ենք, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում, և երկուստեք հավաստիացրել ենք, որ հետաքրքրված ենք այս ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալներն էլ ավելի ավելացնելու մեջ: Հարկ եմ համարում նշել, որ այնուամենայնիվ, թեև կա պատրաստակամություն և առկա կապեր, տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ, և ինչպես ասացի, այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Ի դեպ, պարո՛ն նախարար, վերջին անգամ 2017թ․-ին է հանձնաժողովը հավաքվել։ Կարծում եմ՝ կարող ենք քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում