Մոսկվան կօգնի Լուկաշենկոյին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել հանրապետությանը՝ առաջին իսկ պահանջի դեպքում: Այս մասին հայտնում է РИА Новсти-ին:
Լուկաշենկոյի խոսքով՝ այդ հարցով ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է հեռախոսազրույցի ժամանակ:
«Մոսկվայի կողմից կցուցաբերվի բազմակողմանի աջակցություն՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ զարմացած է Բելառուսում ստեղծված իրավիճակի մասին Պուտինի իրազեկվածությունից: «Նա գիտի ամեն ինչ»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ից ողջ երկրում բողոքի ակցիաներ են ընթանում՝ ի նշան անհամաձայնության այնտեղ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և միլիցիայի հատուկ ջոկատայինների միջև: Ցույցերը ճնշելու համար իրավապահները արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ են կիրառել:
Բելառուսի ԿԸՀ տվյալներով՝ գործող նախագահ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,1 տոկոսը: Վերջինս հայտարարել էր, որ չի ընդունում ընտրության արդյունքները:
Կարծիքներ