Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առկայությունը Ռուսաստանի ազդեցության մահն է. քաղաքագետ
«Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է»:
«Պետք է հասկանանք՝ այլընտրանք ունեն՞ք սահմանազատման գործընթացին, թե՞ ոչ: Ես չեմ տեսնում»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող զարգացումներին:
«Այլընտրանքը պատերազմն է, որին մենք, ցավոք, պատրաստ չենք: Այսինքն, եթե մենք պատրաստ լինեինք, միանշանակ կարող էինք պահանջել, որ սահմանազատումը ոչ թե սկսվեր Տավուշից, ինչպես Ադրբեջանն է պահանջում, այլ, օրինակ, Սև լճի հատվածից: Մենք այդ ռեսուրսը, ցավոք, չունենք, ու դա նշանակում է, որ այս գործընթացի այլընտրանքը չկա, գոյություն չունի, և այն մարդիկ, որոնք հավաքվել են, միջպետական ճանապարհ են փակել, կուզենայի այդ այլընտրանքի մասով հարցի պատասխանը տային»,- ասում է քաղաքագետը:
Վերջինս նկատում է՝ այն մարդիկ, որոնք տավուշցիների մեջ այդ տրամադրությունները սերմանում են և տարածում, ակնհայտ աֆիլացիա ունեն Ռուսաստանի հետ. հայտնի «5-րդ շարասյան» ներկայացուցիչներն են, որին, ըստ նրա, ցավոք, եկեղեցին էլ անմասն չի մնում:
«Ես շատ լավ հասկանում են տավուշցիներին, նրանք դուրս են եկել պայքարելու իրենց իրավունքների համար, բայց երբ տեսնում եմ, թե ովքեր են այդ պայքարը հրահրում, ովքեր են կանգնած դրա հետևում, հասկանում եմ, որ սա ՌԴ-ի ազդեցության գործակալներն են, և վտանգը այստեղ է: Իսկ ինչո՞ւ է ՌԴ-ն աշխատում իրենց ձեռքով, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը նշանակում է մեկ բան՝ ՌԴ-ն այստեղ՝ սահմանին, անելիք չունի, եթե այնտեղ կանգնում են երկու երկրների սահմանապահները: Ռուսները նաև շատ լավ հասկանում են, որ երբ ամբողջ սահմանը դելիմիտացվի և դեմարկացվի, նրանք անելիք չեն ունենա Հայաստանում»,- ասում է զրուցակիցը:
Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առկայությունը Ռուսաստանի ազդեցության մահն է:
Ավելին` սկզբնաղբյուրում:
Կարծիքներ