Բաքվի հայտարարությունները վերահաստատում են Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան
Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ: Այս մասին մեկնաբանությամբ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա ԱՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված կտրուկ հրաժարումը Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից վերացնում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խանգարող ցանկացած խոչընդոտ. անկախության, որը մեր ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման արդյունքն է: «Եթե նախկինում պետությունները ձեռնպահ էին մնում ճանաչել Արցախի անկախությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին խանգարելու մտավախությամբ պայմանավորված, ապա Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների մի զգալի մասի օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Բաքվի հրապարակային հրաժարումից հետո այդ մտավախությունները կորցրին իրենց արդիականությունը:
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար: Միջազգային հանրությունն իրավունք չունի համակերպվել այն իրավիճակի հետ, որը երկու ամբողջատիրական և ցեղասպան պետությունների, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների դաշինքի զինված ագրեսիայի արդյունքն է, որոնց գործողությունները չեն տեղավորվում քաղաքակիրթ աշխարհի իրավական և բարոյական նորմերի շրջանակներում»,- նշել է Մասիս Մայիլյանը:
Կարծիքներ