ԱԳ փոխնախարարը ՀՀ-ում Հս. Մակեդոնիայի առաջին դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կրում Եֆրեմովին՝ (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել իր պատասխանատու պաշտոնում՝ կարևորելով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նա, լինելով Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպանը, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:
Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Եֆրեմովը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին:
Պարույր Հովհաննիսյանը դեսպան Եֆրեմովին է ներկայացրել նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։
Կարծիքներ