Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» մասին Էրդողանի խոսքերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ասել է, որ համաձայն է նրա հետ, որ «հնգյակը» իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, բայց չի էլ պնդում, որ դա անում է:
«Նախագահ Էրդողանի պերճախոսությունը հայտնի է: Նա ազատորեն խոսում է տարբեր թեմաներով: Ես համաձայն եմ նրա հետ, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն իրավունք չունեն թելադրել աշխարհի ճակատագիրը։ Հնգյակը հավակնում է հենց այն լիազորություններին, որոնք գրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ»,- ասել է Լավրովը լրագրողներին:
Էրդողանն Անգոլա կատարած այցի ժամանակ ասել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել «մի խումբ երկրների» ողորմածությանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներին: Նրա խոսքերով՝ մինչ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը: Նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «աշխարհը հինգից ավելին է»:
Կարծիքներ