Խնդիր չունենք տնօրեններ փոխելու. Նարեկ Զեյնալյանը մասնավոր ԲԿ-ների կառավարումը ժամանակավորապես նախարարությանը փոխանցելու նախագծի մասին

Խնդիր չունենք տնօրեններ փոխելու. Նարեկ Զեյնալյանը մասնավոր ԲԿ-ների կառավարումը ժամանակավորապես նախարարությանը փոխանցելու նախագծի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ առողջապահության նախարարության նախաձեռնած այն օրենսդրական փաթեթին, ըստ որի արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

Զեյնալյանի խոսքով՝ նախագիծը օրենսդրական ակտերի և օրենքների շրջանակում է ամբողջապես:

«Նախագիծը կազմել է առողջապահության նախարարությունը: Այսօրվա օրենսդրական ակտերի շրջանակում լիարժեք հնարավոր է իրականացնել առողջապահական համակարգի ամբողջական այդպիսի կառավարում: Նախագիծը միտված է իրավիճակը ավելի կառավարելի դարձնել»:

Լրագրողների այն հարցադրմանը, թե արդյոք նախարարությունը մտադրություն ունի մասնավոր բուժհաստատություններում տնօրեններ փոխելու, Զեյնալյանը պատասխանեց.

«Խնդիր չկա դրված տնօրեններ փոխելու: Կարելի է կառավարումը փոխանցել առանց տնօրեն փոխելու: Երբ նախագիծը վերջնական պատրաստ լինի, այդ ժամանակ էլ կարող ենք ավելի մանրամասն քննարկել»:

Նարեկ Զեյնալյանը նաև անդրադարձավ ԲՀԿ-ի այն նախաձեռնությանը, ըստ որի՝  նրանք պատրաստվում են քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կքննի, թե ինչքանով է արդյունավետ կառավարել իշխանությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում:

«Այս պահին քննության ժամանակը չէ, այս պահին գործելու ժամանակն է: Եթե նպատակահարմար գտնենք, «Իմ քայլն» էլ կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում