Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը

Մարտի 26-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ողջունել է Թուրքմենստանի գործընկերներին։
«Թուրքմենստանյան պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենստանյան կողմի նախագահ Բատիր Ամանովը։
Նիստի ընթացքում հանգամանալից քննարկել ենք միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության դրույթների կատարման ընթացքի և մեր երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ուրվագծել ենք Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական խթանման հեռանկարային ոլորտները։
Քննարկեցինք նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Սահմանեցինք մի քանի կարևոր ուղենիշեր, որոնք առավել լիարժեք և արդյունավետ կդարձնեն մեր հետագա համագործակցությունը։
Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի արձանագրությունը»,- գրում է նախարարը:
Կարծիքներ