Մալայզիայի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեղադրանքով

Մալայզիայի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեղադրանքով

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքը մեղավոր է ճանաչվել մի քանի միլիոն դոլարի կոռուպցիոն գործի առաջին դատական գործընթացի բոլոր 7 մեղադրանքներով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նախկին վարչապետն իրեն մեղավոր չի ճանաչել վստահության հանցավոր չարաշահման, փողերի լվացման և իշխանության չարաշահման մեղադրանքներով:

2009-2018 թվականներին պաշտոնավարած Նաջիբի դեմ գործը դիտվում էր որպես Մալայզիայում հակակոռուպցիոն պայքարի մակարդակի ստուգում:

Մալայզիայի 1MDB բարեկեցության հիմնադրամի շուրջ սկանդալը բացահայտել էր մեքենայությունների ու կոռուպցիայի մի ամբողջ համաշխարհային ցանց:

Նաջիբին այժմ տասնամյակների ազատազրկում է սպառնում, բայց սպասվում է, որ նա ազատության մեջ կմնա մինչև բողոքարկումների արդյունքները:

Այսօրվա մեղադրանքները կապված էին 42 միլիոն ռինգիտի հետ (10 միլիոն դոլար), որոնք հիմնադրամից փոխանցվել էին վարչապետի հաշիվներին:

Նաջիբը բոլոր մեղադրանքները հերքում է` ասելով, որ ինքը ֆինանսական խորհրդատուների, մասնավորապես ֆինանսիստ Ջո Լոուի զոհն է դարձել: Լոուն մեղադրվել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մալայզիայում, սակայն նույնպես չի ընդունում մեղքը:

Նախկին վարչապետի պաշտպանական թիմը նշել է, որ Նաջիբին հավատացրել են, թե այդ գումարները նվիրատվություն է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքից, ոչ թե վերցված է պետական հիմնադրամից:

Նախկին վարչապետի նկատմամբ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրը ենթադրում է 15-20 տարվա ազատազրկում: Նաջիբը հայտարարել է, որ իրեն մեղավոր ճանաչելու դեպքում բողոքարկելու է վճիռը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում