Փորձագետն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի կողմից վերահսկվող վտակներից սնվող գետերի մշտադիտարկումը

Փորձագետն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի կողմից վերահսկվող վտակներից սնվող գետերի մշտադիտարկումը

 Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սևանա լիճը սնուցող գետերի որոշ վտակներ իրենց ակունքներով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո և  հավանական ռիսկերը վերահսկելու համար անհրաժեշտ է մշտադիտարկում անցկացնել այդ վտակներից սնվող գետերում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

«Մշտադիտարկումն անհրաժեշտ է իրականացնել Արփա և Մասրիկ գետերի հատվածներում: Ընդ որում Արփայից եկող ջրերը Սևան են հասնում Կեչուտի ջրամբարով, որն անվտանգության վերահսկման համար բուֆերային գոտի կարող է ծառայել: Մշտադիտարկում պետք է իրականացվի հիդրոֆիզիկական, թունաբանական և կենսաբանական եղանակներով: Մասնավորապես, եթե ջրի քիմիական մշտադիտարկումը ցույց է տալիս տվյալ պահի բաղադրությունը, ապա կենսաբանականի դեպքում տվյալներն ավելի երկարատև կտրվածքով են ի հայտ բերվում»,-մանրամասնեց Գաբրիելյանը: Անդրադառնալով Սևանա լճի ճահճացման խնդիրներին նա նշեց, որ հիդրոկենսաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճահճացումը պայմանավորված է կլիմայի տաքացմամբ ու ներջրային գործընթացներով՝ մասնավորապես ֆիլտրման բացակայության ու օրգանական նյութերի նստվածքների պատճառով:Ըստ բանախոսի՝ խնդրի լուծումը ֆիլտրման կայանների ավելացումն է ու ջրի մակարդակի բարձրացումը:

«Ձկնապաշարների ավելացումը նույնպես կարող է նպաստել օրգանական նյութերի նստվածքների խնդրի լուծմանը»,-ասաց Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է Սևանա լճի ձկնապաշարներին, ապա վերջին տարիների դրանք նվազման միտում ունեն:

«Պատճառը ոչ կառավարելի ձկնորսությունն է:Վերջին շրջանում նկատելի է մանրաձկան ու ձկնկիթի որս, ինչը նվազեցնում է ձկների վերարտադրության հնարավորությունը: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է փոխել ձկնորսության ներկա համակարգը, տարածաշրջանի համար մշակել սոցիալ-տնտեսական համապատասխան ծրագրեր:Պետք է ունենալ այնպիսի համակարգ, որի դեպքում ձկնորսն ինքը կպաշտպանի տարածքն անկառավարելի որսից»,-նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրենք այդ առումով համապատասխան առաջարկներ են ներկայացրել պատկան կառույցին:

Սևանա լճի ներկայիս խնդիրները և լուծման ուղիների համատեքստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն առանձնապես կարևորեց ջրի որակի վերաբերյալ հստակ տեսլականի առկայությունը:

«Կառավարությունը նախ պետք է հստակ տեսլական ունենա՝ թե Սևանի ջուրը խմելու համար է անհրաժե՞շտ, ձկնարդյունաբերությա՞ն, ոռոգմա՞ն: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխան և տարբեր միջոցառումներ է պահանջում: Ամեն դեպքում, պետք  դրվի գերակայություն՝ չբացառելով նաև մյուս տարբերակները, և ըստ այդմ նաև մշակվեն համապատասխան գործողություններ»,-եզրափակեց պրոֆեսոր Գաբրիելյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում