Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է սպիտակուցների կառուցվածքի ուսումնասիրության համար

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է սպիտակուցների կառուցվածքի ուսումնասիրության համար

Քիմիայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Դեյվիդ Բեյքերին՝ Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից, «սպիտակուցի հաշվողական նախագծման համար», ինչպես նաև Դեմիս Հասաբիսին և Ջոն Մ. Ջամփերին՝ Google Deep Mind ընկերությունից, «սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման համար»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։

Քիմիայի բնագավառում մրցանակը շնորհել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։«2024 թ. քիմիայի Նոբելյան մրցանակը վերաբերում է սպիտակուցներին՝ կյանքի հանճարեղ քիմիական գործիքներին: Դեյվիդ Բեյքերին հաջողվել է գրեթե անհնարին սխրանք՝ ստեղծել բոլորովին նոր տեսակի սպիտակուցներ: Դեմիս Հասաբիսը և Ջոն Ջամփերը մշակել են արհեստական բանականության մոդել՝ լուծելու 50-ամյա խնդիր՝ կանխատեսել սպիտակուցների բարդ կառուցվածքը:

Այս հայտնագործությունները հսկայական ներուժ ունեն», - նշված է հաղորդագրության մեջ:Հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։ Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։

Իսկ հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել էր գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում