Նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև սփյուռքում. Օհանյան
«Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը, և Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով, սակայն նա իր պարտականությունները չի կատարել։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը նախագահի ինստիտուտի շուրջ կարող էր զսպող մեխանիզմ ձևավորել, որի արդյունքում թույլ չէին տրվի սխալներ, օրինակ՝ կադրային քաղաքականության և օրենսդրության հետ կապված։
«Նրա հրաժարականը թույլ է տալիս նաև ասելու, որ և´ ներքաղաքական, և´ նաև արտաքին քաղաքական լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են Հայաստանի Հանրապետությանը, և ինքը խուսափում է այդ ամենից»,- ասաց Օհանյանը։
Սեյրան Օհանյանը վերջին շրջանում նախագահի կողմից չի տեսել որևիցե գործունեություն, որը կամրապնդեր պետականությունը և կապահովեր պետության անվտանգությունը։
«Կարծում եմ, այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում, նաև Հայաստանի Հանրապետության նախագահի անգործունեության և նրա լուռ համաձայնության հետևանք են»,- նշեց Օհանյանը։
Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ Հանրապետության նախագահ պետք է ընտրվի այն մարդը, որը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում։
«Երբ գործընթացը սկսվի և ընթացք ստանա, մենք կքննարկենք և հայտարարություն կանենք»,- եզրափակեց Օհանյանը։
Կարծիքներ