«Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք». Ալեն Սիմոնյանը` ԱԺ-ի միջանցքից աթոռները հավաքելու մասին
Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով օրերս տեղի ունեցած միջադեպին ԱԺ-ում:
«Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ. թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան և, մեծ հաշվով, բավարարված են բոլորը, ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: ԱԺ միջանցքներում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս փռվել աթոռներին և անվայել պահվածք ցուցաբերել: Նկատելով այդ երևույթը՝ ես հրահանգել եմ հավաքել աթոռները, որից հետո իմ մոտ են եկել օպերատորները և մեկ լրագրող, ում թեև այդ պահին այնտեղ չէի նկատել, բայց նույնպես ընդունեցի, քանզի տեսա, որ իրեն թույլ է տվել 4 րոպեում երեք լուսանկար հրապարակել, բոլորին զոհ սարքել, ինձ՝ հրեշ, և ծաղրել: Ինչին ի պատասխան այլ լրագրողներ սկսել էին վիրավորել, այդ գրառման տակ, ծաղրել և այլ օգտատերերի հետ վիճել: Լրագրողը ստիպված հեռացրեց իր գործընկեր լրագրողների վիրավորանքները և շտկեց իր գրառումը:
Զրույցի ժամանակ ասել եմ, որ չի կարելի նման գործողություններով զբաղվել, երբ մարդիկ են անցնում՝ չի կարելի փռվել և մարդկանց արհամարհել, անկախ նրանից, թե ով է անցնում՝ ՔՊ-ից, ՀՀԿ-ից կամ «Հայաստան» դաշինքից, և ինչ վերաբերմունք ունեք: Լինի պատգամավոր, թե նախարար, դա անընդունելի է: Ես և օպերատոր տղաներն իրար հասկացանք, տղաներից մեկը, ի պատիվ իրեն, նույնիսկ ներողություն խնդրեց: Երեկոյան աթոռները ավելի մեծ քանակով վերադարձվեցին միջանցք:
Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք:
Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում»:
Կարծիքներ