Ինքնաձիգ, նռնակ, հրացաններ․ Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման եկու դեպք։
Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքի երկու բնակիչ Արաբկիրի բաժին են բերել ինքնաձիգներ, այդ թվում՝ «Կալաշնիկովի», ինչպես և ինքնաձիգի փամփուշտներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նուբարաշենի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Երևանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններում։ Մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մասիսում՝ տարբեր տեսակի հրացանների և ռազմամաթերքի, իսկ Արարատի բաժնում՝ ատրճանակի։ Տարբեր տեսակի հրացանների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Չարենցավանի և Մուշի բաժիններում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման հետաքննիչների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի համայնքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղի բնակիչներից մեկը՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։
Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարծիքներ