Արտգործնախարար Այվազյանը ստել է՝ ասելով, թե Երևանը չունի ականապատման քարտեզներ. Արմեն Գրիգորյան
Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը ստել է՝ հայտարարելով, որ պաշտոնական Երևանը չունի Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներ և նման կերպ խոչընդոտել հայաստանցի ռազմագերիների վերադարձմանը: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է՝ կային որոշ ուժեր, որոնք գործող իշխանության վարկանիշը թուլացնելու փորձեր էին անում՝ օգտագործելով Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումները:
«Բնականաբար, Ադրբեջանն էր և, բնականաբար, կային նաև այլ ուժեր, որոնք նման բան էին ցանկանում անել, ես նշել եմ նաև ներքաղաքական ուժերը, որոնք անվտանգության հարցում լուծումներին տարբեր ձևերով փորձում էին տորպեդահարել, նույնիսկ պաշտոնյաներ, ես կասեի: Եղել են այդպիսի պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել: Ավելի կոնկրետ, օրինակ, գերիների հարցը:
Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում, երբ որ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց: Պարոն Այվազյանը լինելով պաշտոնյա, նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները չունենք: Երբ որ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել:
Այվազյանը ոչ միայն ստում էր, այլ տորպեդահարում էր, նա ցանկություն չուներ Հայաստանի անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել, նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ: Հարց չի՞ առաջանում, ամիսներ շարունակ այս հարցը հնարավոր չէր լինում լուծել, պաշտոնյան հրաժարական է տալիս, դրանից հետ երևի երկու շաբաթվա ընթացքում, երբ ինքը այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»,- նշել է Գրիգորյանը:
Արձագանքի նպատակով «Ազատությունը» դիմել է նախկին նախարար Արա Այվազյանին և պատրաստ է հրապարակել նաև նրա տեսակետը։
Կարծիքներ