Բայդենն ու Պուտինը համատեղ հայտարարություն են արել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են արել՝ կապված ռազմավարական կայունության հետ: Հայտարարության տեքստը հրապարակել են Կրեմլի և Սպիտակ տան մամուլի ծառայությունները:
«Այսօր մենք հաստատում ենք հավատարմությունը սկզբունքին, որի համաձայն՝ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է հայտարարությունում:
Միաժամանակ նշված է, որ СНВ-III պայմանագրի ժամկետի երկարաձգումը ցույց է տալիս միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ընդհանուր մոտեցումը: Բացի դրանից, հայտարարությունում նշված է, որ ապագայում միջուկային պատերազմ թույլ չտալու համար Ռուսաստանն ու ԱՄՆ -ն ռազմավարական կայունության հարցերով երկխոսություն կսկսեն:
«Այդ երկխոսության միջոցով մենք ձգտում ենք դնել սպառազինությունների նկատմամբ հետագա հսկողության և ռիսկերի նվազեցման հիմքերը»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Բայդեն-Պուտին հանդիպումը շարունակվեց մի քանի ժամ, որից հետո ՌԴ նախագահը հանդիպումը կառուցողական է համարել:
Կարծիքներ