Բացահայտվել է «Զառա» խանութ-սրահից գումար հափշտակելու դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «Դալմա գարդեն մոլ» առևտրային համալիրում գործող «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը:
Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ դեպքի վայր ժամանելու, ավազակային հարձակումը կատարելու և դեպքի վայրից հեռանալու տեսագրությունները, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք Երևան քաղաքի 26-ամյա բնակիչներ են:
Վերջիններս հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների շնորհիվ: Հիշյալ անձինք ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022 թ. մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք էին գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա գարդեն մոլ» առևտրային համալիրում գործող «Զառա» խանութ-սրահ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էին այդ պահին գանձապահների՝ կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա և չհրկիզվող պահարանից հափշտակելով ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով՝ 2.392.000 ՀՀ դրամ գումարը, դիմել էին փախուստի:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ տվյալ խանութի՝ երեք և առևտրի կենտրոնի մեկ աշխատակից, ինչպես նաև «Զառա» խանութ-սրահը ներկայացնող ՓԲ ընկերությունը ճանաչվել են տուժող: Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Կարծիքներ