ԲԸՏՄ-ի ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերվել են խախտումներ
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։
Իջևան և Դիլիջան քաղաքներում միաժամանակ կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ԲԸՏՄ աշխատանքային խմբերը հայտնաբերել են մի շարք խախտումներ և թերություններ․ մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի Գոշավանք և Հաղարծին վանականան համալիրների, Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքներում արձանագրվել են մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, իսկ Իջևան քաղաքի հանրային զբոսայգում և դենդրոպարկում՝ դիմակը ճիշտ չկրելու դեպքեր։
Հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկվել են կուտակումները, տեղում կատարվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ և բաժանվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։
Դիմակ չկրող մեկ անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Համաճարակի հաղթահարմանն ուղղված ԲԸՏՄ լայնածավալ դիտարկումները շարունակվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Կարծիքներ