Անդրադարձ է եղել Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորություններին

Անդրադարձ է եղել Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորություններին

Փետրվարի 2-4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։

Փետրվարի 2-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր ոստիկանության պետը նախորդիվ այց էր ունեցել Վրաստան:Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»:

Նիկոլ Փաշինյանն իր սրտանց ողջույններն ու առողջության մաղթանքներն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով վարակվել է կորոնավիրուսով:
Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան և ընկեր երկիր:

Խոսելով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության մասին՝ Վախթանգ Գոմելաուրին նշել է, որ միշտ պատրաստ են աջակցել և նաև լսելու հայկական փորձը, որը բավական մեծ է:

Վրաստանի ներքին գործերի նախարարն անդրադարձել է նորաստեղծ պարեկային ծառայությանը՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր նախաձեռնությունն ավարտին հասցնելու համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվեցին տեղեկատվությամբ՝ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ: Երկուստեք կարևորվեց փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց:

ՀՀ ոստիկանության վարչական շենքում Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Հայաստանի ոստիկանության պետն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարանը, ողջունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և նրա ղեկավարած պատվիրակությանը, ընդգծեց երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները։ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նաև Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ձևավորված վաղեմի և վերջին շրջանում նոր լիցք ստացած արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել ու զարգացնել երկու գերատեսչությունների միջև առկա փոխգործակցությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է հայ-վրացական դարավոր ընկերական հարաբերությունները։ Մատնանշելով համագործակցության մի շարք դրական օրինակներ՝ նա խոսել է Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորությունների մասին։

Քննարկվեցին երկու գերատեսչությունների փորձի փոխանակման, անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Հայաստան ժամանած պատվիրակության անդամները պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում