Մեծ Բրիտանիայում առաջին անգամ «Քովիդ-19»-ից մահացության դեպք չի գրանցվել վերջին մեկ օրում
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կորոնավիրուսից մահացության դեպք չի գրանցվել վերջին մեկ օրում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտոնական վիճակագրությունը:
Անցյալ տարվա մարտին հայտարարված համավարակի սկզբից ի վեր մեկ օր էլ չէր անցնում առանց «Քովիդ-19»-ի հետևանքով մահվան դեպքի արձանագրման: Մեկօրյա մահացության առավելագույն ցուցանիշը գրանցվել է հունվարին. այն ժամանակ մեկ օրում մահացել էր 1300 մարդ:
Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից թագավորությունում մահացել է 127 782 մարդ: Մեկ այլ վիճակագրության համաձայն՝ այդ ցուցանիշն ավելի բարձր է և կազմում է ավելի քան 152 000: Երեքշաբթի արձանագրվել է վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 3100 դեպք:
Թագավորության տարածքում հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 39,5 մլն մարդ (չափահաս բնակչության մոտ 75 տոկոսը), երկու չափաբաժինն ստացել է 25.7 մլն մարդ (բնակչության 48,9 տոկոսը):
Մեծ Բրիտանիայում հունիսի 21-ից նախատեսվում է չեղարկել բոլոր տեսակի սահմանափակումները, թեև որոշ փորձագետներ դեմ են դրան:
Կարծիքներ