Լիբանանը սգում է Բեյրութի պայթյունի 1-ամյա տարելիցը

Լիբանանը սգում է Բեյրութի պայթյունի 1-ամյա տարելիցը

Լիբանանում համազգային սգո օր է հայտարարված Բեյրութում անցյալ տարվա օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով: Ողբերգությունը 200-ից ավելի մարդու կյանք էր խլել, 6 հազարից ավելի մարդ վիրավորվել էր, քաղաքի մի մասն՝ ավերվել:
Պայթյունի պատճառը ամոնիումի նիտրատի մեծ քանակությունն էր, որը պահվում էր Բեյրութի նավահանգստում՝ առանց անվտանգության կանոնների պահպանման:

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Բեյրութի պայթյունը համարվում է աշխարհում երբևէ արձանագրված ամենախոշոր ոչ միջուկային պայթյունը, որը զգացվել է նույնիսկ 240 կմ հեռու գտնվող Կիպրոսում:

Բեյրութի մեծ մասում դեռ տեսանելի են պայթյունի հետքերը: Օրվա ընթացքում քաղաքում մի քանի քայլերթեր են նախատեսվում, իսկ ժամը 18:00-ից քիչ անց՝ պայթյունի ժամին, ակցիայի մասնակիցները կհավաքվեն նավահանգստում՝ աղոթելու:

Դեռ պայթյունից առաջ Լիբանանն արդեն լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ էր կանգնած: Իրավիճակն ավելի էր վատթարացել անցյալ տարվա ընթացքում, երբ երկրում հնարավոր չեղավ նոր կառավարություն կազմել: Քաղաքական փակուղու պատճառով հետաձգվել են նաև բարեփոխումները, որոնք թույլ կտային, որպեսզի արտաքին օգնությունը հասներ երկիր:

Գործակալությունը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր նվիրատուների համաժողովի ժամանակ կփորձի ավելի քան 350 միլիոն դոլարի օգնություն հավաքել Լիբանանի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում