Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ հետախուզության պետի այցի հետ. Նարիշկին․Սպուտնիկ Արմենիա

Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ հետախուզության պետի այցի հետ. Նարիշկին․Սպուտնիկ Արմենիա

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս Երևան կատարած այցի հետ։

Այս մասին Նարիշկինն ասել է Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Իմ այցն այստեղ` Երևան, որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է նա։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հուլիսի 18-ին Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Հուլիսի 15-ին Հայաստան էր ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Երևանում նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը Բըրնսը հանդիպում էր ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Սերգեյ Նարիշկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»։

Նրա համոզմամբ՝ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։ Նարիշկինը հիշեցրել է, որ տարածաշրջանում գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Այդ բոլոր կառույցները ստեղծվել են` հաշվի առնելով դրանց կազմում գտնվող բոլոր պետությունների շահերը։ Ինտեգրացիոն պաշտպանական գործիքները կայունության և անվտանգության պահպանման լավ երաշխիք են: Բացի այդ, ՌԴ-ն բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»,- ընդգծել է նա։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։

Նարիշկինի խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:

«Ռուսաստանը, մեր արտաքին հետախուզության ծառայությունը ինչ ձևաչափով էլ աշխատենք մեր հայ գործընկերների հետ, ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք փոխգործակցել»,- նշել է Նարիշկինը։

Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում