Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Փաշինյան

Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Փաշինյան

Մենք ենք մեր երաշխավորը՝ աշխարհը և մեր պրոբլեմը ընկալելու և այդ պրոբլեմին լուծումներ գտնելու ընդունակությամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լեհաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադառնալով Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության համատեքստում հնչող գնահատականներին, թե պետք է մեկից ավելի երաշխավորներ լինեն:

«Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության մասին շատ են խոսում այն մասին, որ թող մեկից ավելի երաշխավորներ լինեն և այլն և այլն։  

Իմ կարծիքով՝ սա մեր հին մտածողության արդյունք է։ Որովհետև մենք մոռանում ենք, որ մենք դե յուրե պարտավորությամբ արձանագրված անվտանգության երաշխավոր ենք ունեցել։ Տարածաշրջանային ոլորտի խնդիրների հետ առերեսվելիս մեր առաջնային ռեակցիաները մոտավորապես եղել են հետևյալը՝ իսկ ո՞ւմ մենք պետք է զանգենք։ Սա եղել է մեր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ռեակցիան, բայց մի իքս պահի մենք հասկացել ենք, որ դա սխալ մոտեցում է։

Եվ քաղաքական հիմնական փոփոխությունը, որ մեզանում տեղի է ունեցել, այն է, որ մենք հասկացել ենք՝ պրոբլեմը մերն է, մենք ենք մեր պրոբլեմի տերը։ Հետևաբար մեր հոգսն է այդ պրոբլեմը լուծելը։ Եվ մենք գնացել ենք, մեր պրոբլեմները լուծել ենք, այդ թվում՝ ինքներս մեր ցավը կրկնապատկելով, երբեմն եռապատկելով, երբեմն հնգապատկելով, երբեմն տասնապատկելով, որովհետև հասկացել ենք, որ ցավը մերն է, մենք պետք է բուժենք, քանի որ այդ ցավը ուրիշին չի ցավեցնում, դա մեզ է ցավեցնում։

Հետևաբար մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը՝ աշխարհը և իրադրությունն ու մեր պրոբլեմն ընկալելու ընդունակությամբ և մեր պրոբլեմին լուծումներ գտնելու ընդունակությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում