Ուկրաինայում նոր մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին՝ ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար

Ուկրաինայում նոր մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին՝ ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքին նոր հոդվածներ է ավելացրել՝ նրան մեղադրելով ցեղասպանության կոչերի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 1-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հեռակա կարգով «ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանին ծանուցել է ցեղասպանության և պատերազմի քարոզչության կասկածի» մասին։

«Անվտանգության ծառայությունը փաստագրել է ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի նոր հանցագործությունները, որը կոչ է արել ուկրաինացիների ցեղասպանության», - ասված է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայության համար հիմք են ծառայել Մարգարիտա Սիմոնյանի գրառումներն ու հայտարարությունները սոցիալական ցանցերում և ռուսական հեռուստատեսությամբ։

Մեկ տարի առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արդեն մեղադրել էր Սիմոնյանին Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ։ Այժմ այս հոդվածին ավելացվել է ևս երեք մեղադրանք՝ «ուկրաինացիների ցեղասպանության կոչեր, պատերազմի քարոզչություն և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի արդարացում»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի կարող ձերբակալել Ռուսաստանում գտնվող Սիմոնյանին, ուստի ծառայության կողմից հարուցված այս և նմանատիպ այլ գործերը դեռ խորհրդանշական բնույթ են կրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում