Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի. կոնգրեսական Ջեքի Սփիեր
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները Ալիևի ռեժիմի կողմից տարածքներ զավթելու հերթական ապացույցն է համարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշանն են այն բանի, թե որքան հեռուն կարող է գնալ Ալիևի ռեժիմը՝ զավթելու հայկական տարածքները և տարածելու բռնություն ու ատելություն: Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի: Պետք է գործենք հիմա՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ապակայունացումը»,- գրել է կոնգրեսականը:
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Կարծիքներ