Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում` Ձեր զրպարտանքի համար. Արսեն Թորոսյան

Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում` Ձեր զրպարտանքի համար. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում հակադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ելույթի՝ իրեն վերագրվող հատվածին: 

«Ափսոսում եմ, որ տիկին Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ թե լինեմ, բայց առնվազն, կարծես թե, հակահերոսն եմ ու կշարունակեմ լինել, ինչն ինձ սփոփում է»,- ասել է Թորոսյանը։ Նա նշել է, թե իր նախորդ ելույթում հնչեցրած բոլոր թեզերի պատասխաններն ու ապացույցներն ինքը ստացավ տիկին Հարությունյանի ելույթում. «Հատկապես խիստ քաղաքական գործունեությամբ զբաղվելը կամ զբաղվելու հայտը, ի հեճուկս դրա մասին հնչող հայտարարությունների»,- ասաց նա։

Թորոսյանը նաև նշեց. «Տիկի՛ն Հարությունյան, մենք, հավանաբար, կհանդիպենք դատարանում՝ այն զրպարտանքի համար, որ էստեղից հնչեցրիք։ Ցավոք սրտի օրենսդրությունը չի նախատեսում զրպարտանքի չափով հայցադիմում՝ 350 մլն դրամի, բայց օրենքով սահմանված չափով այդ հայցադիմումը կլինի»։ 

Հիշեցնենք, Հարությունյանը ավելի վաղ հայտարարել էր, թե Արսեն Թորոսյանը շահերի բախման մասին խոսելուց առաջ թող պատասխանի, թե երբ նախարար էր, ինչպե՞ս ստացվեց, որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում