ԲԴԽ-ն՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Երեկվանից համացանցում լուրեր են տարածվում, ըստ որոնց՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ մամուլի կանխատեսումները չի մեկնաբանում.«Խորհուրդը տվյալ գործով հունիսի 16-ին հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակի հունիսի 23-ին»,-ասաց նա:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են 2021 թվականի ապրիլի 15-ին՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում գաղտնի ձայնագրություն հրապարակեց ու հայտարարեց, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող «արշավն» ու ամեն ինչ քաղաքական որոշում է, ու ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
Ըստ նրա՝ իր հրապարակած ձայնագրությամբ պարզ է դառնում, թե ինչու է ինքը դարձել թիրախ, թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։
Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։
Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Կարծիքներ