Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում
Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide):
Բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա: Բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի այն դրույթը, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը:
Բանաձևը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ցեղասպանության հանցագործության վտանգի և ժամանակակից աշխարհում այս հանցագործության կրկնումը բացառելու գաղափարի վրա՝ ընդգծելով այդ սոսկալի հանցագործության վերացման ուղղությամբ պետությունների միասնական ջանքերի անհրաժեշտությունը:
2020 թվականին Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ վերահաստատում է այն գաղափարը, որ անցյալում գործած ցեղասպանությունների արդարացումը կամ դրանց ժխտումը կարող են հանգեցնել նոր բռնությունների:
Բանաձևի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ի թիվս այլոց, ընդգծվել է այն իրողությունը, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել ցեղասպանության այնպիսի վաղ ազդակների վրա, ինչպիսիք են քաղաքական գործիչների կողմից նշված խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածումն ու նրանց իրական կերպարի աղավաղումը: Նշվել է ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մշակութային և հոգևոր ժառանգության ու պատմական հուշարձանների պահպանման կարևորությունը:
Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական տարրերից է անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումը և զոհերի հիշատակի հարգումը (memorialization), ըստ այդմ՝ ընդգծվել է անցյալում գործած ցեղասպանությունների հետ կապված վկայությունների ու արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը:
Հայաստանի կողմից առաջադրած բանաձևն արտացոլում է խնդրի վերաբերյալ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ու համահունչ է ՄԱԿ-ի կողմից նախանշված գերակայություններին: Այսպես, անդրադառնալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման թիրախներին՝ փաստաթուղթն ընդգծում է, որ դրա 4-րդ նպատակը պետք է իրականացվի նաև անցյալում գործած ցեղասպանություններն ուսուցանելու միջոցով:
Հայաստանի կողմից ներկայացված փաստաթուղթը բարձրացնում է համամարդկային նշանակության խնդիրներ, այդ թվում, դատապարտում է կանանց և աղջիկների հանդեպ ցեղասպան գործողությունները և նրանց որպես ցեղասպանության գործիք օգտագործելու պրակտիկան:
Բանաձևը ողջունում է Հայաստանի կողմից նախաձեռնած «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» երրորդ գլոբալ ֆորումը, որը տեղի է ունեցել Երևանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին և նվիրված է եղել կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանությունների կանխարգելման խնդրին:
ԱԳՆ-ն հիշեցնում է, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը (կոնվենցիայի ընդունման օրը) «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու վերաբերյալ բանաձևը:
Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի ընտրված անդամ է 2020-2022 թվականների համար և որպես Խորհրդի անդամ, իր գերակայությունների թվում նշել է, որ նպաստելու է ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով:
Հայաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերը սերտորեն փոխկապակցված են Հայոց ցեղասպանության ընդունման և դրա ժխտողականության դեմ պայքարի հետ, քանի որ ցեղասպանությունների և մարդկության հանդեպ գործած այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի մաս են կազմում, որի հիմնական տարրերն են՝ անպատժելիության դեմ պայքարը, ճշմարտության վերականգնումը, ցեղասպանության հիմնարար պատճառների բացահայտումը և վաղ կանխարգելման մեխանիզմների հիմնումը:
Ցեղասպանության կանխարգելում բանաձևը ներկա պահին համահեղինակել է մոտ 60 պետություն: Այն բաց է լինելու համահեղինակության համար ևս երկու շաբաթ:
Կարծիքներ