Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. Գլխավոր դատախազություն

Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. Գլխավոր դատախազություն

2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ:

Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Դատախազական հսկողությամբ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նախարարության հաշվեկշռում ընդգրկված վերը նշված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով, 2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ, ի պաշտոնե տիրապետելով «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության՝ 2007 թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև՝ նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց:

Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ հանձնաժողովը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, որի արդյունքում նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող անձանց, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես, նախարարության համակարգի բնակարանային ապահովման իրական կարիք ունեցող բազմաթիվ շահառուներ, տարիներ շարունակ ընդգրկված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում, զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, իսկ նախարարությունը զրկվել է իր հաշվեկշռում գտնվող բազմաթիվ բնակարաններն անհատույց օգտագործման տրամադրելու, դրանք նախարարության կարիքների համար օգտագործելու, հետևաբար նաև՝ զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներն արդյունավետ իրագործելու իրական հնարավորությունից:

 2023 թվականի փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք:

Միաժամանակ՝ մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում