Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի

Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի:

Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված, լարված հարաբերությունների մեջ է գտնվել վերջինիս հետ: Արտերկրում նշված հարցերի շուրջ կատարված պարզաբանման ընթացքում կողմերի միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, որից հետո՝  2021թ. նոյեմբերի 4-ին, 29-ամյա երիտասարդը և ընկերը, նպատակադրվելով հրապարակայնորեն պատժել Արմավիրի բնակչին, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:

Այդ նպատակով 29-ամյա երիտասարդը և նրա հորեղբայրը 2021 թ. նոյեմբերի 19-ին հավաքել են իրենց կողմնակիցներին, վերջիններիս զինել մետաղյա և փայտե ձողերով, ատրճանակներով, որից հետո Արմավիրի բնակչին հրապարակայնորեն պատժելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի անդամները պարզել են  նրա կողմնակիցների քանակը և գտնվելու վայրը:

Այդ ընթացքում Արմավիրի 28-ամյա բնակիչը և 29-ամյա երիտասարդի կողմնակիցներից երկուսը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն որևէ հստակ պարզաբանումներ չեն կատարվել, որից հետո 28-ամյա երիտասարդը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդին հրապարակայնորեն պատժելու նպատակով, իր կողմնակիցներին հավաքել է Արմավիր համայնքի Ջիվանու փողոցում գտնվող ընկերության գրասենյակում՝ ատրճանակներով, մահակներով և այլ առարկաներով զինված սպասելով հակառակ կողմին:

Քննությամբ պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը և հորեղբայրը, տեղեկանալով Արմավիրի բնակչի գտնվելու ստույգ վայրի մասին, իրենց կողմնակիցների հետ տարբեր ավտոմեքենաներով մոտեցել են վերոնշյալ գրասենյակին և երկու կողմից շրջապատել այն:  Գրասենյակում գտնվող խմբի անդամները, նկատելով մոտեցող ավտոմեքենաները, նախահարձակ են եղել, իսկ վերջիններս էլ հարձակվել են նրանց վրա: Միջադեպի ընթացքում օգտագործվել են մետաղական ձողեր, մահակներ և այլ առարկաներ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 29-ամյա երիտասարդի մտերիմներից երկուսն իրենց մոտ պահվող ատրճանակներից կրակոցներ են արձակել 28-ամյա երիտասարդի և նրա կողմնակիցների ուղղությամբ՝ սպառնալով բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ 28-ամյա երիտասարդի կողմնակիցներից մեկն էլ, բռնություն գործադրելու սպառնալիքով, իր մոտ պահվող զենքով կրակոցներ է արձակել հակառակ կողմի անդամների ուղղությամբ:

Խուլիգանության ընթացքում Արմավիրի բնակիչը, 29-ամյա երիտասարդի ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Բացի այդ, Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Վերը նշված երկու խմբավորումների անդամները, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե խաթարել են Արմավիր համայնքի Ջիվանու փողոցի երթևեկությունը. տևականորեն և բարձրաձայն հնչեցրել հայհոյանքներ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, մահակների և այլ առարկաների գործադրմամբ հասցրել են փոխադարձ հարվածներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4 մասով: Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում