Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակություն կբացվի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի առթիվ և ի պատիվ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք:
Ողջունելով նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու կարդինալ Պիետրո Պարոլինի վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ և նրանց դերը Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմից, Հայաստանի դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք մեծապես երախտապարտ ենք՝ այսօր միասին լինելու առիթի համար, որի շրջանակում հանդիսավոր կերպով նշվում է Երևանի և Վատիկանի հարաբերություններում նոր էջի բացումը՝ նշանավորված Հայաստանի նախագահի պաշտոնական այցով:
Պարո՛ն նախագահ, Դուք լավ գիտեք, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի շուրջ 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես եղել է փոխադարձ հոգածության կենտրոնում: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր անձնական դերի համար՝ որպես Հայաստանի առաջին բանագնաց Վատիկանի առաքելական պալատ, ինչպես նաև այսօրվա և մեր երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելու համար»:
Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի պետական պարգևով՝ Պատվո շքանշանով:
Հանձնելով պետական բարձր պարգևը՝ նախագահ Սարգսյանը շնորհավորել է պետքարտուղար Պարոլինին և մասնավորապես ասել. «Կա երկու բան, որ շատ ներդաշնակորեն համատեղվում են: Մեկը երկու պետությունների միջև հարաբերություններն են, այս դեպքում՝ Վատիկանի և Հայաստանի, մեր երկու ժողովուրդների, հայերի և կաթոլիկների և երկու հավատքների հարաբերությունները: Մյուսը պայմանավորված է նրանով, որ մենք որպես պետություններ հին քրիստոնյաներ ենք: Մեր երկու երկրներն էլ փոքր են, բայց համաշխարհային ազգ: Վատիկանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ է, որը ներկայացնում են ամբողջ աշխարհի կաթոլիկները: Հայաստանը ևս փոքր երկիր է, բայց ամբողջ աշխարհում ունի հայկական սփյուռք: Ի թիվս այլ ընդհանրությունների՝ մեր ժողովուրդներն ուժեղ հավատք ունեն խաչի նկատմամբ, որն իմաստավորվում է ոչ միայն այսօր, այլև մշտապես ապացուցվել է մեր գործողություններով:
Այն մի քանի տարիների ընթացքում, որ Դուք զբաղեցնում եք Սուրբ Աթոռի պետքարտուղարի պաշտոնը, մենք զգացել ենք Վատիկանի և կաթոլիկ եկեղեցու աջակցությունը Հայաստանին: Շնորհակալություն: Եկեք չմոռանանք, որ ավելի քան հինգ տարի առաջ Հռոմի ներկայիս Պապն այցելել է Հայաստան: Դա պատմական այց էր և՛ Հայաստանի, և՛ բոլոր հայերի, և՛ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար: Հռոմի Պապն այցելեց մի երկիր, որն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Անցյալ տարի մենք կարիքի մեջ էինք: Համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհն էր այդ վիճակում, սակայն Հայաստանն առանձնահատուկ էր զգում աջակցության կարիք՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի պատճառով, որը մեզ պարտադրվել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Հռոմի Պապի, Վատիկանի, պետքարտուղարության և Ձեր գործընկերների կողմից ստացված աջակցությունը մեծապես գնահատելի է: Ես շատ ուրախ եմ, որ շուտով Վատիկանից պատվիրակություն է այցելելու Հայաստան, և մենք բոլորս ուրախությամբ կողջունենք Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացումը: Դա մեր հարաբերություններն ավելի սերտացնելու մեկ այլ քայլ կլինի:
Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հռոմի Պապին: Նա շատ հատուկ տեղ և դեր ունի աշխարհի բոլոր հայերի համար: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայ շատ հուզված էր, աղոթում էր, երբ 2015 թվականին Վատիկանում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Հռոմի Պապի, Ձեր ներկայությամբ: Կրկին անչափ շնորհակալ ենք:
Մեր 30 տարվա գործակցությունը հիմնված է մեր 2000-ամյա հարաբերությունների վրա, և այսօր մենք գիտենք՝ ինչպես կառավարել դժվարությունները և, որ ամենակարևորն է, իսկապես առաջ շարժվել՝ հաջողություններ գրանցելու համար:
Հույս ունեմ, որ Դուք առաջիկայում կայցելեք Հայաստան, և ինձ համար մեծ պատիվ կլինի ոչ միայն հյուրընկալել Ձեզ, այլև մեծագույն հաճույքով ցույց տալ մի երկիր, որն առաջինն էր, որ դարձավ քրիստոնյա: Մեր երկիրն առաջինն է, որ սովորեց սիրել և գնահատել բարեկամությունը»:
Կարդինալ Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ ջերմ խոսքերի համար փոխանցել իր «սրտագին խոսքերը, որոնք վերահաստատում են Սուրբ Աթոռի աջակցությունը Հայաստանին, որը հայտնի է որպես առաջինը պաշտոնապես քրիստոնեություն ընդունած երկիր»: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես քրիստոնեական հավատքի սերմերը, որոնք ցանվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, զարգացել և դարձել են հասուն պտուղներ: Իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակը Ֆրանցիսկոս պապի կողմից վերջերս ավելացել է Հռոմեական գլխավոր օրացույցում,- ասել է կարդինալը: -Հայաստանի քրիստոնեական սկիզբը շարունակում է լինել այն հիմնաքարը, որի շուրջ զարգանում են հասարակությունները և որի հիման վրա նրանք ընդունում են սեփական ինքնությունը:
Քրիստոնեական հավատը Հայաստանի պատմության անգամ ամենաողբերգական պահերին դարձել է Ձեր ժողովրդի վերածննդի գրավականը: Մեր հարաբերությունների շատ ոլորտներ կապված են Կաթոլիկ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև հարգալից երկխոսությամբ,որը հերթական անգամ արտահայտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի միջև վերջին հանդիպման ընթացքում:
Պարոն նախագահ, իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ այս այցի համար՝ վստահ լինելով, որ այն կունենա շատ դրական զարգացումներ մեր հարաբերություններում:
Թող Ձեր ազնիվ ժողովուրդը վայելի խաղաղությունը` հաղթահարելով վերջին մարտահրավերները»:
Կարծիքներ