Խոսել ճգնաժամային իրավիճակում գույքահարկի բեռի ավելացման մասին, այդքան էլ արդարացի չէ. Բաբկեն Թունյան
«Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե ճգնաժամային պայմաններում կարիք չկար գույքահարկի գին ավելացնել»:
Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով գույքահարկի օրինագծի մասին շրջանառվող այն տեսակետին, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում սխալ որոշում էր նախագծի ընդունումը:
«Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե կարիք չկար ընդունել նման նախագիծ: Այնինչ, այդ նախագծի ընդունումը պայմանավորված է դեռևս անցած տարի ընդունված կադաստրային արժեքների մոտարկման նախագծով»,- ասաց նա:
Նախկինում գործող համակարգով, ըստ Բաբկեն Թունյանի, գույքահարկի բարձր շեմում գտնվող գույքը հարկվում էր առավելագույնը 1 տոկոս գործակցով: Իսկ ավելի բարձր շեմում գտնվող գույքը արդեն հարկվում էր բազմապատիկ ավելի շատ: Իսկ նոր ընդունված նախագծով այդ իրավիճակը մեղմվելու է:
Նրա խոսքով՝ անարդարացի է խոսել այն մասին, թե ճգնաժամային իրավիճակում նման նախագիծ ընդունելը ճիշտ չէ, քանի որ ընդունված փոփոխությունները գործելու են 2021թ.-ից:
«Մենք սահուն ժամանակահատված ենք դրել՝ 6 տարի, որպեսզի քաղաքացիները միանգամից չզգան այդ ծանրությունը, և պետք է հաշվի առնել, որ նոր կանոններով քաղաքացիներն առաջին վճարումն սկսելու են կատարել 2021թ. դեկտեմբերից, ընդ որում, նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով: Այսինքն, խոսել ճգնաժամային իրավիճակում գույքահարկի բեռի ավելացման մասին, այդքան էր արդարացի չէ»,- իր խոսքում նշեց նա:
Կարծիքներ