Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. վարչապետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո:
«Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների խնդրին:
«Ցավոք, այսօր չկարողացանք վերջնական պայմանավորվածության հասնել ռազմագերիների փոխանակման հարցում: Սա ամենազգայուն, ամենացավոտ հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում:
«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամկետում հանգել կոնկրետ որոշումների»,- ասել է նա:
Կարծիքներ