Ավարտվել է ոստիկանին կաշառք առաջարկելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 4-ին Ջերմուկ քաղաքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները, նկատելով, որ Ա. Ղ.-ն ավտոմեքենան վարում է սահմանված արագության գերազանցմամբ և վթարային ազդանշանները միացված վիճակում, փորձել են կանգնեցնել նրան, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների հրահանգին և շարունակել է երթևեկությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանները, հայտնաբերելով ենթադրյալ վարչական իրավախախտում թույլ տված Ա. Ղ.-ին, տեղում պարզել են, որ վերջինս գտնվում է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ: Ոստիկանության բաժին բերման չենթարկվելու, նշված առերևույթ վարչական իրավախախտման դեպքերին ընթացք չտալու և վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Ղ.-ն ոստիկաններից մեկին առաջարկել է 10000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս այդ առաջարկից հրաժարվել է և կաշառք տալու կասկածանքով Ա. Ղ.-ին ծառայակցի հետ բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժին:
«Ոստիկանին կաշառք առաջարկելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ