Տարել էին պարտքերի տետրն ու հագուստ. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

Տարել էին պարտքերի տետրն ու հագուստ. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Էջմիածնում բնակվող 56-ամյա մի կին՝  հայտնելով, որ հունվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածնի Ալավերդյան փողոցի իր հագուստի խանութի դուռը կոտրել են ու գողություն արել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը։ «Տարել էին հագուստեղեն, պայուսակներ, հանդերձանքի պարագաներ և պարտքերի տետրը։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարած անձանց ինքնությունը։ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ էին՝ երկուսն էլ Էջմիածնի բնակիչ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին խանութի դուռը, գողություն արել, իսկ գողոնը տեղափոխել էին 24 տարեկանի մեքենայով։ Երկուսն էլ հայտնաբերվեցին,ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդներն իրավապահներին ներկայացրին պարտքերի տետրը։ Ի դեպ, նրանցից մեկի անունը ևս պարտքերի տետրում կար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածները ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում