Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հենքի վրա․ Պապիկյան
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։
«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, զինված ուժերի պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը։
Տեղեկացնեմ, որ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով»,- ասաց Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ քննարկումների ընթացքում Լըկորնյուին ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, որոնց կոչված են ձևավորելու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և արդի մարտահրավերներին դիմակայելու կարող զինված ուժեր։
Կարծիքներ