Որևէ մեկը չպետք է շփոթի ժողովրդավարությունն ու ազատությունները ամենաթողության և անպատժելիության հետ. պատգամավոր
Անընդունելի եմ համարում ընդդիմադիր ինքնահռչակված խմբակների կրիմինալ պահվածքն ու վարքագիծը, ոտնձգություններն ու սանձարձակությունը վերջին շաբաթներին ՀՀ քաղաքացիների հանդեպ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ շարունակելով.
«Երբեւէ եւ որեւէ մեկը չպետք է շփոթի ժողովրդավարությունն ու ազատությունները ամենաթողության եւ անպատժելիության հետ:
Իրավապահ համակարգը պարտավոր է արդյունավետ կերպով պաշտպանել ՀՀ քաղաքացիներին:
Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, եւ ՀՀ քաղաքացուն այսօրինակ խուլիգան տարրերի հարձակումներից պաշտպանելու հարցում թերացումները որեւէ արդարացում չեն ունենալու»:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ էին: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների կողմից Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Կարծիքներ